Թմրաբանական ծառայությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1975 թվականին՝ թմրաբանական հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն տրամադրելով ներկայիս շենքում: Մինչև 2003 թվականը «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը եղել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող առանձին բժշկական կազմակերպություն: ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1413-Ն որոշման համաձայն՝ Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, ՀՀ առողջապահության նախարարության «Նևրոզների և այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպելվ են՝ ստեղծելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Ընդգրկված լինելով ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում՝ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նարկոլոգիական կլինիկան շարունակել է տրամադրել մասնագիտացված թմրաբանական ծառայություններ: Ինչպես արդեն նշել ենք՝ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1390-Ա որոշման համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը բաժանման ձևով վերակազմակերպելու արդյունքում: